Հայաստանյան Կլոր Սեղանի տարեկան ժողովը` Մայր Աթոռում

Սեպտեմբերի 25-ից 27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան բարգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան հերթական ժողովը` մասնակցությամբ հիմնադրամի միջազգային եւ Հայաստանյան գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների: Ժողովը նախագահում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ժողովի առաջին օրը Կլոր Սեղանի գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը եւ աշխատակիցները ներկայացրեցին հիմնադրամի տարեկան հաշվետվությունը: Հաջորդող երկու օրերի ընթացքում քննության առնվեցին հետագա գործունեության ռազմավարությունն ու ծրագրերը:

Սեպտեմբերի 27-ին ժողովի ամփոփումից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հիմնադրամի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին` ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի եւ խորհրդի անդամ Տ. Վահրամ քհն. Մելիքյանի: Նորին Սրբությունն իր գոհունակությունն ու գնահատանքը հայտնեց միջազգային կազմակերպություններին` Կլոր Սեղանի գործունեությանն աջակցելու եւ սատարելու համար: